Պատմություն

Արմենական կուսակցություն (արմենականներ)

Արմենական կուսակցություն (արմենականներ)Հայ  իրականության մեջ առաջին քաղաքական կուսակցությունն ստեղծել են արմենականները: Հիմնադրվել է Վանում 1885 թ-ին՝ Մկրտիչ Թերլեմեզյանի (Ավետիսյանի) նախաձեռնությամբ: Արմենական է անվանվել Մարսելում (Ֆրանսիա) Մկրտիչ Փորթուգալյանի հրատարակած «Արմենիա» թերթի, որտեղ տպագրվել է կուսակցության ծրագիրը:Արմենականների նպատակը ժողովրդին ազատագրական կռիվներին նախապատրաստելն էր, սուլթանական բռնապետության լծից Արևմտյան Հայաստանն ազատագրելը և անկախ պետություն ստեղծելը: Ժողովրդի ազատագրության միջոց էին համարում զինված ապստամբությունը և դիվանագիտական ուղիները: Մկրտիչ Փորթուգալյանը հույսեր էր կապում նաև թուրքական կառավարության խոստացած բարեփոխումների հետ: 1886–87 թթ-ից կուսակցութան աջ թևն առաջ է քաշել արևմտահայերի մեջ հայրենասիրություն սերմանելու, կարգապահության վարժեցնելու, ինքնապաշտպանության նախապատրաստելու, զինված խմբեր ստեղծելու և արտաքին նպաստավոր պայմաններում ընդհանուր շարժում սկսելու պահանջը: Կուսակցության ձախ թևը խրախուսում էր ֆիդայական շարժումը, չափավոր թևը՝ Կարապետ Հակոբյանի գլխավորությամբ, անցավ Լոնդոն, հիմնեց Անգլո-հայկական կոմիտե և որդեգրեց Հայկական հարցի լուծման դիվանագիտական ուղին:Կուսակցությունն իր մասնաճյուղերն ուներ Հայաստանում և գաղթավայրերում: Արմենականները գործուն մասնակցել են Վանի 1896 և 1915 թթ-ի ինքնապաշտպանական մարտերին: Կուսակցությունն զգալիորեն նպաստել է հայ ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսության տարածմանը և հասարակական մտքի զարգացմանը:1908 թ-ի հոկտեմբերին Ալեքսանդրիայում (Եգիպտոս) արմենականները, միավորվելով վերակազմյալ հնչակյանների հետ, կազմել են Սահմանադրական ռամկավար կուսակցությունը, որը, ի թիվս այլ կուսակցությունների, 1921 թ-ի հոկտեմբերի 1-ին Կոստանդնուպոլսում միավորվել է Ռամկավար ազատական կուսակցությանը։

Standard

Leave a comment